Այսօր գերազանց հնարավորություն է ստեղծվել վերադարձնելու ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
Տեսեք:
Ադրբեջանը նախընտրում է վերադարձ դեպի խորհրդային տարիների սահմաններ և անկլավներն է պահանջում: Խնդիրը նույն ռակուրսով է դիտարկվում նաև Կրեմլի և միասնական Արևմուտքի կողմից: Արծվաշենն իրավական առումով անխոցելի է, քանզի բնության մեջ՝ սկսած պատմությունից, վերջացած Վիլսոնի վճռով և Ալմաթիի հռչակագրով, գոյություն չունի իրավական ակտ, որտեղ Արծվաշենը նշված կլիներ Ադրբեջանի կազմում:
Սակայն, ցանկանու՞մ է արդյոք Հայաստանի բնակչությունը վերադարձնել Արծվաշենը: Ցավով արձանագրում եմ, որ չի ցանկանում: Բնակչության զգալի մեծամասնությունն ընդհանրապես ոչինչ չի ցանկանում: Վերջինիս «քաղաքագիտական» մասը բացառապես սեփական վարկանիշը բարձրացնելու կամ ունեցածը պահելու նպատակով, իբր Արցախի հիմնախնդրով է զբաղված (իրականում՝ անգործության է մատնված): Նրան Արծվաշենի նման մանր-մունր հարցեր չեն հետաքրքրում: Բացի դրանից՝ հայ բնակչության «քաղաքագիտական» սեկտորը հիմնականում պատվերներով է աշխատում, իսկ Արծվաշենի համար պատվեր իջեցնող չկա:
Արդյունքում ունենք «Արծվաշենը մեզ Արցախից է շեղում», «Մենք Կարսը, Մուշն ու Վան ենք ուզում», «Արծվաշենում ապրելը հնարավոր չէ, ոչ էլ ճանապարհ կա» ... և նմանօրինակ բազմաթիվ «մտքեր»: Վստահեցնում եմ, որ ընթերցողին ավելի չհիասթափեցնելու համար, ներկայացրեցի «մտքերի» ընդամենը 1-2 %-ը:
Հետաքրքիր է, չէ՞: Կարո՞ղ եք պատկերացնել գեթ մեկ ադրբեջանցու, որը կասեր, թե Տիգրանաշենը (Քյարքին), Սոֆուլու/Բարխուդարլուն, Հադրութը, Ստեփանակետը, Կապանը կամ Երևանն իրեն պետք չէ: Ընդ որում, ադրբեջանցիները թքած ունեն այս կամ այն «պայքարից շեղվելու», «ապրելու անհնարինության և ճանապարհ չլինելու» վրա: Կա՞ արդյոք Ադրբեջանից դեպի Սոֆուլու/ Բարխուդարլու, Ասքիփարա կամ Տիգրանաշեն (Քյարքի) ճանապարհ: Չկա: Սակայն, դա չի խագարում Ադրբեջանին պահանջել և ստանալ ուզածը: Իսկ, փորձեք հայ «քաղաքագիտական» շրջանակներում արծարծել Արծվաշենի վերադարձի պահանջը: Առնվազն՝ սադրիչի կարգավիճակ կստանաք:
Մի խոսքով, Հայաստանի բնակչությանը ոչինչ պետք չէ, իսկ «քաղաքագետները», որպեսզի որևէ դեպքում պատասխանատվություն չկրեն, նախընտրում են ֆիկցիան:
Դե, իշխանությունն էլ տեսնելով երկրում տիրող տրամադրությունները աստիճանաբար ...«փակում է» երկիրը: Եվ դա օրինաչափ է: Էլ ի՞նչ Արծվաշեն: Չէ, որ մենք պետք է «հասնենք Սասուն», «մտնենք Վան», «Ստամբուլն արյան ծով սարքենք», «Բաքվում թեյ խմենք» և, ի վերջո, «Крым наш»: Իսկ Արծվաշենը կսպասի, քանզի Արծվաշենն իրական է՝ ֆիկցիա չէ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
ՀԳ. Վստահ եմ, որ Արծվաշենի համար «անհաշտ պայքարը» կսկսվի այն ժամանակ, երբ Արծվաշենը ֆիկցիա դառնա:
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)